ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Հետո՞ ինչ, որ գործ է հարուցվում. Ավետիսյանն արդեն Ամերիկայում է

Հետո՞ ինչ, որ գործ է հարուցվում.  Ավետիսյանն արդեն Ամերիկայում է
06.05.2014 | 10:55

Հայաստանում լճացումը հասել է իր գագաթնակետին: Բոլոր պաշտոնները դարձել են ցմահ: Ռեկտորների պաշտոնները` հատկապես, չնայած այն բանին, որ մեր գիտնականներից մեկի դիպուկ արտահայտությամբ, բոլորը Սովետաշենի արժանի են: Կարծես թե նոր ընտրություններին մեր նախկին կառավարությունը պետք է դասեր քաղեր իր սխալներից, բայց ստացվեց հակառակը: Նախանցյալ տարի ընտրվեց երկու նոր ռեկտոր. Հայաստանի ճարտարագիտական համալսարանում Արա Ավետիսյանը և Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում` Գայանե Գասպարյանը:

Արա Ավետիսյանն աշխատում է կրթության համակարգում ավելի քան քսան տարի: Այդ ընթացքում նա հասարակ տեսուչից վերածվեց կրթության և գիտության փոխնախարարի, պաշտպանեց թեկնածուական, իսկ հետո նաև դոկտորական ատենախոսություն (փա՛ռք Աստծո, բարձրագույն որակավորման հանձնաժողովը, որը և բաժանում է գիտական կոչումներ, ուղիղ ենթարկվում էր Արա Ավետիսյանին): Վերջին տարիներին նա դարձավ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ (ակադեմիան ևս ենթարկվում է նախարարությանը): Փայլո՜ւն թռիչք փայլուն գիտնականի: Այս ճանապարհին նա սահմանեց եզակի ռեկորդ, զիջելով միայն Սերգեյ Մերգելյանին: Ընդ որում` Ավետիսյանի թեկնածությունը ճարտարագիտական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար այնքան համոզիչ էր, որ ոչ ոք ռիսկ չարեց մրցել նրա հետ: Նա անցավ միաձայն` հանրապետության վարչապետի և այլ պաշտոնավոր անձանց ծափահարությունների ներքո: Կարծես թե նոր պաշտոնում Արա Ավետիսյանի բոլոր տաղանդները պետք է ծաղկեին ու նոր բողբոջներ տային, բայց... Հազար ու մի բան տեսած ճարտարագիտական համալսարանի կոլեկտիվը նման խայտառակ երևույթի չէր հանդիպել:
Նախ նորաթուխ ռեկտորը սկսեց ազատվել ճարտարագիտական համալսարանի հեղինակավոր անձանցից, որին թոշակի, որին այլ աշխատանքի ուղարկելով: Փոխարենը համալսարանում հայտնվեցին մարդիկ, որոնց նշանակվեցին բարձր աշխատավարձեր, չնայած դժվար թե սրանցից որևէ մեկը գիտեր իր անելիքները: Կոնֆլիկտն սկսվեց դասախոսների աշխատավարձերի կտրուկ նվազումից:
Գրեթե բոլոր բուհերի դասախոսները ստանում են նվաստացուցիչ գումարներ: Եթե համեմատենք Խորհրդային Միության աշխատավարձերի հետ, երբ դոցենտը ստանում էր երկու-երեք անգամ ավելի, քան դատավորը, և նույնքան, ինչքան բարձրագույն կրթության նախարարը, ապա փոփոխությունը զարհուրելի է: Այժմ դասախոսները ստանում են 60-100 հազար դրամ, որը առնվազն տասն անգամ քիչ է, քան դատավորինը կամ նախարարինը և հավասար է հավաքարարի աշխատավարձին: Պարզվում է, որ այս գումարի վրա էլ կարող է աչք ունենան:
Սկսվեց զննումը, որը պետք է որ լի լիներ անակնկալներով: Բայց նման բան ոչ մեկը չէր սպասում: Մի քանի ամսում ՀՀ ԳԱԱ երիտասարդ թղթակից-անդամը հասցրել է փոշիացնել 1,25 մլրդ դրամ, որը նախկին ռեկտորներն առանձնացրել էին որպես անձեռնմխելի ֆոնդ, դուրս է գրել ոսկի պարունակող սարքավորումներ, մեծ գումարներով կատարել է անիմաստ վերանորոգման աշխատանքներ։ Այս անգամ կոլեկտիվի միահամուռ բողոքը տեղ հասավ, և ՀՀ կրթության և գիտության նախարար պարոն Արմեն Աշոտյանն առանց որևէ ոգևորության հայտարարեց, որ Արա Ավետիսյանին տեղափոխում են այլ, դասախոսական աշխատանքի, թերևս այն նպատակով, որ իր գիտական և վարչական ունակություններով շարունակի ծառայել մեր բազմաչարչար hայ ժողովրդին: Լուրեր են տարածվում, որ երիտասարդ և «տաղանդավոր» գիտնական- նախկին ռեկտորի դեմ դատական գործ է հարուցվել, քանի որ ճարտարագիտական համալսարանը հասցվել է այն վիճակին, որ դասախոսներին չեն կարող աշխատավարձ վճարել: Հետո՞ ինչ, որ գործ է հարուցվում. Ավետիսյանն արդեն Ամերիկայում է...
Դժվար է ենթադրել, թե այս էջը փակվեց: Բայց մենք, վստահելով մեր նախագահին, հուսով ենք, որ այն այլևս չի ընթերցվի:
Երկրորդ ռեկտորը բանասիրական գիտությունների դոկտոր Գայանե Գասպարյանն է: Նա էլ անցավ միաձայն, ևս մեծապատիվ այրերի ծափահարությունների ներքո:
Լեզվաբանական համալսարանի դերը մեր հանրապետության համար ավելի փոքր չէ, քան ճարտարագիտական համալսարանինը: Նախկինում, Խորհրդային Միության օրոք, Բրյուսովի ինստիտուտի դասախոսները հայտնի էին ողջ ԽՍՀՄ գիտական հասարակությանը: Պրոֆեսորներ Բ. Մ. Եսաջանյանը, Գ. Մ. Աղաբաբյանը, Ս. Մանուկյանը և այլք աշխարհին ներկայացնում էին մեր մանկավարժական և բանասիրական գիտությունը, Հայաստանում էլ տարածում Միության և աշխարհի գիտնականների նվաճումները: Կարծես թե նախկին ռեկտոր Ս. Զոլյանից հետո, որը համարվում է մեր լավագույն գիտնականներից մեկը, Գ. Գասպարյանը պետք է շարունակեր ավանդույթները: Սակայն... մի քանի ամսից հետո աղմուկ բարձրացավ Գ. Գասպարյանի «անորակ» ղեկավարության կապակցությամբ: Առաջինը, գիտխորհրդի նիստում հենց Գասպարյանի արած հայտարարության համաձայն, բուհի գանձարանից անհետացել է միլիոնավոր դրամների գումար, որի հետքերը ոչ մեկը չգիտի: Կար ու չկա: Ինչպես, ասենք, Ազգային գրադարանինը... Մեզ չհաջողվեց պարզել գումարի իսկական չափը, բայց այս պարագայում դա չէ կարևորը: Հետաքրքիր է, ինչպե՞ս է սա տեղի ունենում:
Այստեղ սկսվեցին Սունդուկյանի անվան թատրոնին արժանի ներկայացումներ: Իրավիճակը շտկելու համար նորաթուխ ռեկտորը բոլոր վարչական և գիտական աշխատողներից դիմում պահանջեց` խնդրել... մինչև 2-3 անգամ նվազեցնել իրենց աշխատավարձերը, առանց ենթադրելու, որ արարքը մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Բայց ռեկտորը համոզված էր. մարդու իրավունք կա՞, որ խախտես:
Քանի որ նման բան անհնարին էր նաև Հին Հռոմում, բարձրացավ լուրջ աղմուկ` թերթերում և հեռուստատեսությամբ: Թատրոնը շարունակվեց: Սկսվեց երկրորդ գործողությունը: Ռեկտորը կազմակերպեց մի նամակ, ըստ որի՝ ամբողջ կոլեկտիվն իրեն սատարում է, և ստիպեց բոլորին ստորագրել այն, կատարելով մարդու իրավունքների երկրորդ կոպիտ խախտումը: Պարզվում է, մեր պայմաններում դա առանձնապես դժվար չէ:
Իսկ ի՞նչ է կատարվում բուն կրթական առումով: Ըստ էության՝ ոչ մի բան: Երկու տարվա ընթացքում չի վերանայվել ոչ մի ուսումնական պլան կամ ծրագիր, մանավանդ որ արհեստականորեն ստեղծված մասնագիտությունների պլանները, լինելով անորակ և համապատասխան չլինելով համահունչ բուհերի նման պլաններին, դաժան հեքիաթ են դարձել այլ բուհ տեղափոխվող ուսանողների համար: Ամբողջ կոլեկտիվով «գիտական աշխատանք» են կատարում, սակայն արտասահմանում ոչ մի լուրջ հրապարակում չկա, իսկ տեղում տպագրվել են հնում հրատարակված, պատճենահանված մի քանի գրքեր: Բա գիտնականներն ո՞ւր են: Սուրեն Զոլյանի հեռանալուց հետո չի կնքվել ոչ մի արժեքավոր միջազգային պայմանագիր, համալսարանը չի շահել ոչ մի խոշոր դրամաշնորհ, չի անցկացրել ոչ մի լուրջ գիտաժողով։ Եվ այսպես անվերջ:
Բուհում չկա տարրական կարգապահություն: Ցանկացած ստուգում կարող է պարզել, որ առաջին իսկ ժամին լսարանների առնվազն 20-25 %-ը դատարկ է: Ո՞վ է սրա դիմաց հատուցելու. պետությանը՝ պետպատվերով սովորողների, իսկ ծնողներին՝ վճարովի սովորողների պարապուրդի համար:
Մեր երկրի նախագահը դժվար թե անտարբեր լինի այս հարցի նկատմամբ, քանի որ նման կադրային մոտեցումն անմիջական հարված է իր հեղինակությանը և վարած ներքին քաղաքականությանը: Սա մահ է երկրի համար: Մի՞թե Արա Ավետիսյանը պետք է ռեկտոր դառնար, որ նոր պարզվեր՝ նա սովորական քրեական տարր է: Իսկ ո՞վ է եղել նա մինչ ռեկտոր դառնալը: Ազնվության տիպա՞ր: ՈՒրեմն պետք է գործ հարուցել ոչ թե Ա. Ավետիսյանի, այլ ճարտարագիտական համալսարանի դեմ` Աստծո գառնուկին գողի վերածելու համար:
Մի՞թե Գայանե Գասպարյանին պետք էր ռեկտոր դարձնել, որ նոր պարզվեր՝ նա կարող է միլիոնավոր դրամներ անհետացնել և մնալ անպատիժ, որ լեզվաբանական համալսարանը կարելի է վերածել մի «այնոյին» միջնակարգ դպրոցի և պատասխանատվություն չկրել: Իսկ եթե հանկարծ Գասպարյանն էլ մինչ իր դեմ քրեական գործ հարուցվելը հայտնվի Ամերիկայում, ինչպե՞ս է վերականգնվելու պետությանն ու հասարակությանը հասցված վնասը:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2544

Մեկնաբանություններ